ChessAcademy.am

1-ին և 2-րդ տուրերի արդյունքներ

2016-07-20

Տեղի ունեցան «Սևանա Լիճ 2016» մրցաշարի է 1-ին և 2-րդ տուրի հանդիպումները: Առաջին տուրի հինգ պարտիաներից երեքում կողմերից մեկը հասավ հաջողության: 2014 թվականի Սևանա Լիճ մրցաշարի հաղթող Վիդիթ Սանթոշ Գուջրաթին սև խաղաքարերով հաղթանակ տոնեց Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Արտեմևը 41 քայլում հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկի նկատմամբ: Առաջին տուրը հաղթական էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանի համար:Մեր շախմատիստը ուժեղ գտնվեց իսպանացի Անտոն Դավիդ Գուիջարոյից: Առաջին տուրում մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Յան Քշիշտոֆ Դուդան մրցում էր մրցաշարում ամենացածր գործակից ունեցող Սամուել Սևյանի դեմ: Պարտիան ընթացավ հավասար պայքարում, և խաղի 46-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտությամբ ավարտվեց նաև Արման Փաշիկյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան:

Երեք արդյունավետ պարտիա գրանցվեց նաև 2-րդ տուրում: Երկրորդ մրցաշարային օրը, սակայն, հաջող չստացվեց Հայաստանը ներկայացնող շախմատիստների համար: Հովհաննես Գաբուզյանը պարտվեց Դուդա Յան Քշիշտոֆին, Արման Փաշիկյանը՝ Վլադիմիր Օնիշչուկին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Միացյալ Նահանգները ներկայացնող մեր հայրենակից Սամվել Սևյանին: Մեր չորրորդ ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը, ով սև խաղաքարերով մրցում էր Վիդիթ Սանթոշ Գուջրաթիի հետ, ուներ որոշակի առավելություն, սակայն հնդիկ գրոսմայստերը վճռորոշ պահին գործեց անսխալ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Ոչ-ոքի գրանցվեց նաև տուրի ամենաերկարատև պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին Վլադիսլավ Արտեմևը և Անտոն Գուիջարո Դավիթը:

Այսպիսով 2 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Սամուել Սևյանը, Վլադիսլավ Արտեմևը, Վիդիթ Սանթոշ Գուջրաթին և Դուդա Յան Քշիշտոֆը վաստակել են 1,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio